Հունաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Թուրքիային
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել թուրքական կողմին հունական տարածքային ջրերում «ապօրինի ձկնորսության իրականացման» համար: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեր ազգային ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև եվրոպական ձեռքբերումների պաշտպանության շրջանակներում Անկարայում Հունաստանի դեսպանատանը հանձնարարել է բողոք հայտնել մեր տարածքային ջրերում թուրքական ձկնորսական նավերի անօրինական ձկնորսության դեմ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նշվում է, որ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նաև դատապարտել է Թուրքիայի առափնյա պահպանության նավերի գործունեությունը, որոնք ուղեկցում են թուրքական ձկնորսական նավերին և հետապնդում են հունական ձկնորսական նավերը:
«Հունաստանի տարածքային ջրերում ապօրինի ձկնորսությունը նույնպես Եվրոպական իրավունքի նորմերի խախտում է, բացի այն, որ դա Թուրքիայի կողմից միջազգային ծովային իրավունքի ևս մեկ խախտում է»,- ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ Թուրքիան, ցավոք, շարունակում է իր հանցավոր վարքագիծը:
«Հունական կողմը, որը հավատարիմ է միջազգային իրավունքին համապատասխան իր իրավունքների պաշտպանությանը, անպատասխան չի թողնում ոչ մի մարտահրավեր», – եզրափակել են Հունաստանի ԱԳՆ-ում:
Կարծիքներ