Լավ հնարավորություն. Տարօրինակ է՝ ինչու ՀՀ-ն լքած նախկին պաշտոնյաներին թույլ չեն տալիս վերադառնալ. «Ժողովուրդ»

Լավ հնարավորություն. Տարօրինակ է՝ ինչու ՀՀ-ն լքած նախկին պաշտոնյաներին թույլ չեն տալիս վերադառնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս պահին Հայաստանի իշխանությունները շատ լավ հնարավորություն ունեն տարբեր քրեական գործերով հետախուզման մեջ գտնվող և Հայաստանը լքած նախկին պաշտոնյաներին երկիր վերադարձնելու համար:

Բանն այն է, որ Արցախում ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից հետախուզման մեջ գտնվող մի քանի նախկին պաշտոնյաներ դիմեցին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ, որպեսզի կարողանան գալ Հայաստան և իրենց ունակություններով օգտակար լինել սահմանին: Հիշեցնենք, որ Հայաստան վերադառնալու համար գլխավոր դատախազին առաջինը միջնորդագրով դիմեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Գևորգ Կոստանյանը:

Այնուհետև ՀՀ իրավապահներին դիմեց նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միխայիլ Հարությունյանը, և էլի եղան մարդիկ:

Նրանք երկուսն էլ դատախազից ոչ թե խնդրել են կարճել իրենց նկատմամբ քրգործը, մեղադրանքից հրաժարվել, այլ ընդամենը թույլ տալ Ռուսաստանից դուրս գալ ու Հայաստան մտնել: Սակայն տարօրինակ տրամաբանությամբ դատախազ Արթուր Դավթյանն արդեն մերժել է Գևորգ Կոստանյանի միջնորդությունը, ու հասկանալի է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաև նախկին պնախարարի միջնորդությանը: Իսկ ինչո՞ւ դատախազը չի օգտվում իր կողմից հետախուզվողներին հայտնաբերելու ռեալ հնարավորությունից: Ի վերջո, դատախազը կարող էր ընդառաջել առաջարկվող տարբերակին, վերացնել հետախուզումը, հնարավորություն տալ ե՛ւ Միքայել Հարությունայնին, ե՛ւ Գևորգ Կոստանյանին օրինական կերպով հատել ՌԴ սահմանը, վերադառնալ Հայաստան, այստեղ անմիջապես փակել ՀՀ սահմանները նրանց առջև՝ միայն հնարավորություն տալով Արցախ մեկնել, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո կալանավորել նրանց ու դատապարտել՝ հաստատելով մեղադրանքը:

Աներկբա է, որ Գևորգ Կոստանյանի իրավական գիտելիքները կարող ենք օգտագործել ՄԻԵԴ-ում՝ ի նպաստ Հայաստանի շահերի, ինչպես նաև ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանում, որոնց մասով արդեն իսկ Կոստանյանը Մոսկվայից գործընթացներ է սկսել, իսկ Միխայիլ Հարությունյանն էլ կարող է իր ռազմական գիտելիքներով, փորձով օգտակար լինել ռազմական որոշումներ կայացնելիս: Բայց դատախազը փակում է այս բոլոր ճանապարհները, ինչի համար պետք է ունենա հիմնավոր պատճառ. Ո՞րն է այն:

Այս պահվածքից հետո առավել հիմնավոր են դառնում այն կասկածները, որ «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, 10 անմեղ զոհերի սպանությունները այդպես էլ չեն բացահայտվում, և մինչև հիմա ՀՀ վարչապետին զեկուցվել է, թե հետախուզվողները փախել են, դրա համար գործը փակուղի է մտել: Հիմա մարդիկ գալիս են, ինչու՞ չեք ցանկանում դուրս գալ փակուղուց: Ուրեմն իրականում «Մարտի 1»-ի գործի քննությունը տապալվել է, և Կոստանյանի, Հարությունյանի ու մյուսների գալով այդ տապալումը կամրագրվի նաև իրավաբանորեն: Այսինքն՝ դատախազի և ՀՔԾ պետի սուտը կբռնվի: Բայց արժե՞ անձնական ամբիցիաները այդքան վեր դասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում