ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամենամյա ուղերձում երկրորդ տարին անընդմեջ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամենամյա ուղերձում երկրորդ տարին անընդմեջ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր, օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։

Նա վերահաստատել է ամերիկյան կողմի հանձնառությունը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար հետևանքների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս բերվեցին  ոչնչացման արշավի ընթացքում,  սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը»,– ասվում է ուղերձում։

Բայդենը խոսել է  հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին՝ նշելով, որ դրա շնորհիվ Ցեղասպանությունը վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական է տրամադրված՝ վերականգնելու իր համայնքը, մշակույթը և դա ստիպված է անելլ հաճախ՝ այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

«Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կառուցվածքի կենսական մասն են։ Նրանք մեր ազգին դարձնում են ավելի ուժեղ և դինամիկ, թեև շարունակում կրել իրենց նախնիների կրած ողբերգության պատմությունը: Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը»,–ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերի հիշատակը, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ

Հիշեցնենք, 2021 թվականի իր ուղերձում ԱՄՆ նախագահն առաջին անգամ արտասանել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ ընտրվելու արշավի ժամանակ Ջո Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտասանել էր «ցեղասպանություն» բառը, երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրող ռեֆերենտը հայազգի Քեն Խաչիկյանն էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում