Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ 117-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, 80-ամյա ամերիկուհին ստացել է ներկա կոնգրեսականների ձայների մեծամասնությունը՝ 216 ձայն: Նա առաջ է անցել 55-ամյա հանրապետական գործիչ Քևին ՄքՔարթիից: Նրա օգտին քվեարկել են 209 օրենսդիրներ:

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, թեև նրանցից ոմանք հրաժարվել են քվեարկել Փելոսիի օգտին. 3-ը ձեռնպահ են մնացել, ևս 2-ն այլ համակուսակիցների են աջակցություն հայտնել: Բացի այդ, որոշ հանրապետականներ և դեմոկրատներ ընդհանրապես ներկա չեն եղել քվեարկությանը:

Փելոսին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնում ընտրվում է 4-րդ անգամ:

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքներով դեմոկրատները մի քանի տեղ կորցրել են Ներկայացուցիչների պալատում, սակայն պահպանել են մեծամասնությունը: Սենատում իրավիճակը դեռևս անորոշ է. Ով կդառնա Կոնգրեսի վերին պալատի ղեկավարը հայտնի կդառնա մի քանի օրից, երբ Ջորջիա նահանգում ավարտվի ընտրությունների երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ ընտրություններում նախագահի պաշտոնի մրցապայքարում հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը՝ ստանալով ընտրիչների անհրաժեշտ ձայները՝ 270 ձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում