Ճապոնիան ու Ուկրաինան մտադիր են համագործակցել հետախուզության ոլորտում
Ճապոնիան և Ուկրաինան մտադիր են համագործակցել հետախուզության ոլորտում, ինչպես նաև նախատեսում են տեղեկատվական անվտանգության համաձայնագիր կնքել գաղտնի տվյալների փոխանակման համար։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հրապարակած երկկողմ համաձայնագրի տեքստում։
Մասնավորապես, նշվում է, որ «ճապոնական կողմը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ համաձայն նրա սահմանադրական և իրավական պահանջների և դրույթների»։ Նման աջակցությունը ներառում է «ոչ մահացու սարքավորումների և պարագաների տրամադրում», վիրավոր ուկրաինացի զինվորականների բուժում և «անվտանգության և պաշտպանության հետախուզության համագործակցություն»:
«Կողմերը մտադիր են համաձայնագիր կնքել Ճապոնիայի և Ուկրաինայի միջև տեղեկատվական անվտանգության վերաբերյալ՝ նպատակ ունենալով կողմերի միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակման ընդլայնման և դյուրացման համար»։
Այդ նպատակով Ճապոնիան և Ուկրաինան մտադիր են «բարձր մակարդակով երկխոսություն վարել անվտանգության քաղաքականության շուրջ»։
Կարծիքներ