ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից 227 հոգի, հիմնականում փրկարարներ, հրշեջներ, կամավորական խումբ ձևավորելով, պատերազմի օրերին ծառայություն են իրականացրել Արցախի առաջնագծում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ բարեբախտաբար իրենց աշխատակիցների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: 

«Մենք նաև մշտապես Արցախում ունեցել ենք մեր աշխատակիցներից կազմված խումբ, որը տեղում օգնել է ապաստարաններում գտնվող մեր հայրենակիցներին սննդի մատակարարման հարցով: Իրենց աջակցություն են ցուցաբերել Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին ռմբակոծության հետևանքները վերացնելու հարցում՝ հրդեհների մարում, հնարավորության սահմաններում ենթակառուցվածքների վերականգնում»,-ասաց Արմեն Փամբուխչյանը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, բարձր գնահատելով իր աշխատակիցների ներդրումն Արցախում, սկսել է նրանց պարգևատրման գործընթաց: Արդեն նրանց մի մասը պարգևատրվել է շքանշաններով: 

Նախարարի տեղակալը նկատեց, որ ԱԻՆ-ի աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, երբ սկսվեց պատերազմը, եղել են բավական հագեցած: Գերատեսչությունը, բացի իր հիմնական գործառույթներից, իրականացրել է նաև հումանիտար օգնության կազմակերպումը: Մասնավորապես, ԱԻՆ-ը ներգրավված է եղել մարդասիրական բեռ ստանալու, բաշխելու, տեսակավորելու գործընթացում, որը ներկայում էլ շարունակվում է: Հումանիտար օգնությունը հասցվել է  ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում գտնվող արցախցիներին: 

ԱԻՆ-ը նաև բուժվարչության միջոցով իրականացրել է վիրավորների տեղափոխում, առաջին բուժօգնության կազմակերպում, այդ օրերին գործել է  դաշտային հոսպիտալ: Պատերազմի օրերին իրականացվում էին նաև զոհված զինծառայողների դիակների դուրսբերման աշխատանքներ: Այս փուլում ՀՀ ԱԻՆ-ը հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի միջոցով ապահովում է շինանյութերի, հումանիտար ապրանքների տեղափոխում: Նախարարի տեղակալը նշեց, որ մարդկային ռեսուրսով Արցախին աջակցություն չի ցուցաբերում, որովհետև ներկայում դեռ չկա դրա կարիքը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում