Բորելը քննադատել է Ալիևի մեկնաբանությունները Ֆրանսիայի, Նիդեռլանդների և ԵՄ-ի հասցեին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությունները Ֆրանսիայի, Նիդեռլանդների և ԵՄ-ի հասցեին՝ դրանք անվանելով «ցավալի» և «անընդունելի», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Նոյեմբերի 14-ի առավոտյան Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող COP29-ի շրջանակներում փոքր կղզիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննադատել էր Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց «նեոգաղութատիրության» համար՝ դա կապելով կլիմայի փոփոխության հետ: Ադրբեջանի նախագահը պնդել էր, որ Ֆրանսիան «շրջակա միջավայրի քայքայում» է առաջացրել իր անդրծովյան տարածքներում և այդ տարածքներն անվանել էր «գաղութներ»։ Իսկ Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին նա մեղադրել է «քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ» դառնալու մեջ։
«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների վերաբերյալ չափազանց ցավալի են։ Այս անընդունելի հայտարարությունները սպառնում են խաթարել համաժողովի՝ կլիմայի հետ կապված կենսական նպատակները և COP29-ում Ադրբեջանի նախագահության վստահելիությունը։ Մենք կանգնած ենք Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողքին», - գրել է Բորելը։ Նա նշել է, որ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի փոփոխությունների հետ կապված ֆինանսավորման մեջ մեծ ներդրում ունեն և աջակցում են գործընկերներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում։
«Մենք նաև մերժում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների դեմ, որոնք կանգնած են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակի առջև», - հավելել է Բորելը:
Ալիևի մեկնաբանությունների պատճառով Ֆրանսիան հրաժարվել է էկոլոգիական անցման նախարարին ուղարկել Բաքվում ընթացող COP29 համաժողովին։
Կարծիքներ