Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու միայն բանկային հաշիվների միջոցով. քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովը քննարկում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Օրենսդրական փոփոխությունների նպատակն է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը և խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելը:
Նախագծով արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով:
«Այս պահի դրությամբ հնարավոր է խաղադրույքներ իրականացնել երեք եղանակով՝ կանխիկով, էլեկտրոնային փողի միջոցով, անկանխիկ եղանակով: Երբ օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա, ևս 6 ամիս հետո դուրս է գալիս նաև էլեկտրոնային փողով վճարելու եղանակը, և մնում է միայն անկանխիկ եղանակով խաղադրույք իրականացնելու հնարավորությունը»,- ասաց օրենքի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2018 թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, 2019 թ. այդ գումարն ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020 թ. միայն առաջին 10 ամիսներին այս թիվը հասել է 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021 թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը:
2018-2020 թթ. գրեթե 2.5 անգամ ավելացել է նաև խաղացողների թիվը՝ 18093-ից հասնելով 44082-ի: Կազմակերպիչների կողմից գեներացված գումարներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32 տոկոսը:
Կարծիքներ