Այրվել են փաստաթղթեր, վնասվել ավտոմեքենաներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել բանկում տեղի ունեցած պայթյունից

Այրվել են փաստաթղթեր, վնասվել ավտոմեքենաներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել բանկում տեղի ունեցած պայթյունից

Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ –ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի  ունեցած  պայթյունի հետևանքով արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ  պայթյունի  հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար:

 Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը

09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է  ունեցել  պայթյուն՝  հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ  զոհ և հինգ տուժած: 

Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ,    որտեղից հիվանդներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում