Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս Արցախ է վերադարձել 52 058 բնակիչ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս Արցախ է վերադարձել 52 058 բնակիչ

Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկումը: Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի՝ այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձ Լեռնային Ղարաբաղ: Նոյեմբերի կեսերից մինչ օրս Արցախ է վերադարձել 52 058 բնակիչ:

«Հունվարի 29-ից մինչ այսօր ապահովվել է Ադրբեջանի ԶՈւ 9 ավտոմոբիլային շարասյան անցումը խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հունվարի 31-ին ռուսական ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 16 հայ ուխտավորներ են Ստեփանակերտից այցելել Դադիվանք և վերադարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսական ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Այսօրվա դրությամբ ստուգվել է 973 շինություն, ավելի քան 247 կմ ճանապարհ, մաքրվել է մոտ 893 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 950 պայթյունավտանգ առարկա: Շարունակվում են անհետ կորածների և զոհերի մարմինների որոնումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում