Ռուսաստանի համար փակ երկինք և նավթի լրացուցիչ արդյունահանում. հիմնական կետերը՝ ՌԴ-ին ուղղված Բայդենի ուղերձից
ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ «հետաքննելու ռուս օլիգարխների հանցագործությունները»:
«Հայկական ժամանակի» հաղորրդմամբ՝ այս ամենի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև՝ հանդես գալով Միության վիճակի ամենամյա ուղերձով։
Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ «Ամերիկան ուկրաինացիների կողքին է», բայց, միևնույն ժամանակ, կրկնել է, որ ԱՄՆ զինուժը «չի ներգրավվի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտության մեջ»։
Ներկայացնում ենք ամերիկացի առաջնորդի հիմնական կարևոր հայտարարությունները։
Երկինքը փակելու մասին
ԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. «Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար: Հնարավոր չի լինել թռիչք, վայրէջք կամ տարանցում կատարել ռուսական ինքնաթիռներով մեր օդային տարածքում»,-ասել է նա։
Նավթի մասին
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, անհրաժեշտության դեպքում, կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից։ «Այսօր ես կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը 30 այլ երկրների հետ միասին գործողություններ է ձեռնարկել՝ 60 միլիոն բարել նավթ արտանետելու ամբողջ աշխարհի պաշարներից: Ամերիկան այս հարցում առաջատար դեր կխաղա»,-հայտարարել է Բայդենը:
«Ռուս օլիգարխների հանցագործությունների մասին»
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ հետաքննելու ռուս օլիգարխների «հանցագործությունները»։
«Այսօր ես ասում եմ ռուս օլիգարխներին և կոռումպացված առաջնորդներին, ովքեր միլիոնավոր դոլարներ են ստացել իշխանություններից, բավակա՛ն է, Արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար»:
Այս ուղղությամբ ԱՄՆ-ը նաև մտադիր է միավորել ուժերը եվրոպացի դաշնակիցների հետ՝ խլելու «ապօրինի ձեռք բերած հարստությունը»՝ զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները»,-նշել է նա։
Ուկրաինային աջակցության մասին
ԱՄՆ-ն «ուկրաինացիների կողքին է» և հիացած է նրանց «անվախությամբ»։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, և բոլոր ուկրաինացիները բառացիորեն ուրախացնում են աշխարհը իրենց անվախությամբ, քաջությամբ և վճռականությամբ»: Այնուամենայնիվ, ըստ նախագահի, ԱՄՆ-ի զինուժը « չի պատրաստվում հակամարտություն սկսել Ուկրաինայում ռուսական ուժերի հետ», այլ գնալու է Եվրոպա՝ «պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի ավելի հեռուն գնալ դեպի Արևմուտք»:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Բայդենի հայտարարության համաձայն, Միացյալ Նահանգները «իր դաշնակիցների հետ կիրառում է հզոր տնտեսական պատժամիջոցներ»՝ կտրելով ռուսական խոշորագույն բանկերին միջազգային ֆինանսական համակարգից, իբր «զրկելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկին ռուբլու պաշտպանության հնարավորությունից», թողնելով Ռուսաստանին նաև տեխնոլոգիաների հասանելիությունից դուրս, որը կծառայի նրա տնտեսական հնարավորությունները սպառելուն և տարիներ շարունակ թուլացնելու նրա զինված ուժերը:
Բացի այդ, իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսին և ամերիկացի սպառողներին այդ պատժամիջոցների հնարավոր ազդեցությունից։
Միասնության մասին
Ւսը Բայդենի, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «թուլացնում են Ռուսաստանին և մնացած աշխարհն ավելի ուժեղ են դարձնում»։
«Մենք տեսնում ենք երկրների առաջնորդների միասնությունը, ավելի միասնական Եվրոպան և ավելի միասնական Արևմուտքը»,-եզրափակել է նա:
Կարծիքներ