Ավելի քան 100 միգրանտներ գետնին են տապալել Ազգային գվարդիայի անդամներին՝ փորձելով մտնել ԱՄՆ

Ավելի քան 100 միգրանտներ գետնին են տապալել Ազգային գվարդիայի անդամներին՝ փորձելով մտնել ԱՄՆ

Շուրջ 100 միգրանտներ փորձել են մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ճեղքելով փշալարերը և գետնին տապալելով Տեխասի Ազգային գվարդիայի աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Post թերթը։

Պարբերականի տվյալներով՝ մարտի 21-ին մոտ 600 միգրանտներ են գտնվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Տեխասի Ազգային գվարդիան փորձել է մարդկանց բաժանել ավելի փոքր խմբերի: Իրավիճակը սրվել է, երբ գվարդիականները փորձել են որոշ  կանանց և երեխաների առանձնացնել տղամարդկանցից, ինչի պատճառով միգրանտները ճեղքել-անցել են արգելափակոցները, այնուհետև հրել և գետին տապալել սահմանային անվտանգությունն ապահովող աշխատակիցներին:

«Իրավիճակը վերցվել է հսկողության տակ…. Այդ անօրինական ներգաղթյալները հանցագործություններ են կատարել Տեխասում, և Հանրային անվտանգության վարչությունը ցուցում է ստացել է ձերբակալել յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի, ով մասնակցել է հանցավոր ոտնձգությանը և գույքի ոչնչացմանը», - ասված է  նահանգապետի աշխատակազմի հայտարարության մեջ:

Մարտի 19-ին ԱՄՆ գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլ է տվել գործնականում կիրառել ապօրինի ներգաղթի կասեցման միջոցների խստացման օրենքը, սակայն դաշնային իշխանությունները դեմ են հանդես եկել դրան։ Օրենքը, որն ստորագրել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, նահանգի իրավապահ մարմիններին թույլ է տալիս ձերբակալել միգրանտներին, իսկ դատավորներին՝ որոշում կայացնել նրանց արտաքսելու մասին: Մեքսիկայի իշխանությունները խստորեն դատապարտել են ընդունված օրենքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում