Լեհաստանի ՊՆ-ն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին զենք կիրառելու պատրաստակամության մասին

Բելառուսի սահման տեղափոխված մարտական ուղղաթիռի լեհ օդաչուները չեն վարանում զենք կիրառել, եթե վտանգավոր իրավիճակ ստեղծվի։
Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտարարել է գեներալ Մարեկ Սոկոլովսկին՝ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակի հետ հանդիպման ժամանակ։
Գեներալի խոսքով՝ նախարարի հրամանով մարտական ուղղաթիռներ արդեն տեղափոխվել են լեհ-բելառուսական սահման։ «Սահմանին տագնապալի իրադարձությունների դեպքում ուղղաթիռները զինված են և պատրաստ են կռվելու»,- ասաց նա։
Ինչպես ընդգծել է Սոկոլովսկին, այդ ուղղաթիռների օդաչուները մարտական փորձ ունեն և ծառայել են Աֆղանստանում։ Նրանք փորձառու են, եւ եթե ինչ-որ վտանգավոր բան լինի, չեն վարանի զենք կիրառել»,- ասել է գեներալը։
Ազգային պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել ռազմական ներկայությունը Բելառուսի հետ սահմանին, քանի որ, ըստ նրա, սադրանքները կուժեղանան։
Կարծիքներ