Մեկնարկել է ծրագիր, ըստ որի՝ բնակարաններ են տրամադրվելու տեղահանվածներին և զոհվածների ընտանիքներին․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ մինչև տարեվերջ Արցախում շահագործման կհանձնվի 317 բնակարան:Նրա խոսքով՝ մեկնարկել է ծրագիր, ըստ որի՝ բնակարաններ են տրամադրվելու տեղահանվածներին և զոհվածների ընտանիքներին:
«Շուրջ 40 հազար տեղահանված անձ ունենք: Առաջնահերթորեն, բնակարանային խնդիր ունեն հենց տեղահանված անձինք: Ունենք նաև զոհվածների ընտանիքներ, որոնք տեղահանված չեն, կրկին բնակարանային խնդիրներ ունեն: Ունենք ավանդական այն խմբերը, որոնք մինչև պատերազմն էլ եղել են, բնականաբար, բնակարանային խնդիրներ ունեն. 90-ականների պատերազմի փախստականներ, 90-ականներից որոշ զոհվածների ընտանիքներ, սպաների և պահեստազորի սպաների ընտանիքներ, բազմազավակ, երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներ»,- ասել է Բեգլարյանը:
Նա նաև հավելել է, որ պլանավորվում են 3 տարվա ընթացքում ավելի քան 5000 բնակարան կառուցել՝ հիմանականում տեղահանվածների և զոհվածների ընտանիքների համար:
«Բնակարանների մի մասն էլ պետք է վերականգնել հին բնակֆոնդից և երկրորդային շուկայից գնել: Հիմա ընթացքում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքները Ստեփանակերտում և 1438 բնակարանի կառուցման աշխատանքները՝ շրջաններում»,-ասել է Բեգլարյանը:
Նա նաև նշեց, որ այս ամենից բացի՝ նախագծման փուլում են նոր բնակավայրեր՝ տեղահանված ընտանիքների համար: Մինչև տարվա վերջ շահագործման կհանձնենք 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում:
Կարծիքներ