ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂՀ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման նպատակին. դիվանագետ
ԱՄՆ-ն հավատարիմ է ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման խնդրին: Այս մասին, այսօր` մայիսի 22-ին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը` բացելով Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ֆորումը:
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նշում է անվտանգության կարեւորությունն այս տարածաշրջանում: «Այս շաբաթվա սկզբին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերահաստատել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման սկզբունքներին: ԱՄՆ-ն նաեւ խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման խնդրին` աշխատելով ինչպես երկկողմ ռեժիմում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասաց նա:
Քեմփբելը նշեց, որ անցած տարին դժվար էր կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից: «Համավարակը մարտահրավեր է դարձել համընդհանուր անվտանգության ապահովման համար, որն ազդել է բոլոր պետությունների վրա, բայց, միեւնույն ժամանակ, այն միավորել է մեզ եւ ընդգծել համագործակցության եւ գործընկերության կարեւորությունը»,- ընդգծեց դիվանագետը: Համավարակի բռնկումից հետո ԱՄՆ կառավարությունը 11 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարի համար, ասաց նա: Այս օգնությունը, հավելեց Քեմբելը, օգնել է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նախապատրաստել համակարգը լաբորատոր հետազոտությունների համար եւ աջակցել տեխնիկական փորձագետներին՝ արձագանքելու եւ պատրաստակամություն ցուցաբերելու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաեւ ծանր դեպքերը մեղմելու համար:
Կարծիքներ