1970 թվականից անցկացվող «Մոնտե-Կառլոյի Արվեստների գարուն» միջազգային փառատոնում առաջին անգամ մեծարվել է Հայաստանը

1970 թվականից անցկացվող «Մոնտե-Կառլոյի Արվեստների գարուն» միջազգային փառատոնում առաջին անգամ մեծարվել է Հայաստանը

Մարտի 26-ին և 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է «Մոնտե-Կառլոյի Արվեստների գարուն» միջազգային փառատոնին։

Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Փառատոնն անցկացվում է Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո՝ մարտի 10-ից ապրիլի 3-ը:

1970 թվականից անցկացվող ամենամյա այս փառատոնի շրջանակներում առաջին անգամ մեծարվել է Հայաստանը՝ հայկական մշակույթի օրերի անցկացման ձևաչափով։ Մարտի 24-ից 27-ը հայ արվեստագետների մասնակցությամբ տեղի են ունեցել Հայաստանի նվիրված համերգներ և ցուցադրումներ։ 

Փառատոնի շրջանակներում Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի և միջոցառման տնօրեն Բրունո Մանտովանոյի հետ առանձնազրույցներում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Մոնակոյի կողմից Հայաստանին ու հայկական մշակույթին նման բացառիկ ուշադրության և գնահատանքի արժանացնելու համար։

Մարտի 26-ին Մոնտե-Կառլոյի օպերայում դեսպան Տոլմաջյանը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ մասնակցել է Փարաջանովի ցուցանմուշների ցուցադրության պաշտոնական բացմանը։

Նույն  օրը երեկոյան ՀՀ դեսպանը ներկա է եղել Մոնտե-Կառլոյի օպերայում Լևոն Էսկինյանի ղեկավարած Գյուրջիև ժողովրդական գործիքների համույթի համերգին, իսկ հաջորդ օրը՝ մարտի 27-ին, ժամանակակից հայ կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի և Միշել Պետրոսյանի «Յոթ․ Սինջարի հրեշտակները» կամերային բալետի պրեմիերային (բեմադրիչ՝ Միշել Հալե Եղայան)։

Մոնտե-Կառլոյի փառատոնի շրջանակում՝ մարտի 24-ին, Ֆրանսիայի Օվերն պետական նվագախմբի կողմից ներկայացվել են Կոմիտասի ժողովրդական մշակումները, մարտի 25-ին սոպրանո Կարինե Բաբաջանյանի և դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մեկնաբանմամբ տեղի է ունեցել հայկական ժողովրդական երգի համերգ, մարտի 26-ին ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, նույն օրը Մոնակոյի Ռենիե III ակադեմիայի ուսանողները կատարել են Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Փառատոնի այս տարվա տարբերանշան է ընտրվել Սերգեյ Փարաջանովի հեղինակած կոլաժներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում