Ընդդիմությունը ոչ թե հայտարարության նախագիծ է ուզում, այլ հանրահավաք. Հայկ Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների քայլին, որոնք հայտարարեցին, որ չեն մասնակցելու Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հետ կապված արտահերթ նիստին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը, որին չեն մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
«Ընդդիմությունը ևս հանդես էր եկել հայտարարության նախագծով: Քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է եղել ընդդիմության հետ քննարկումներ անել և միասնական տեքստ ունենալ: Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ՝ որպես իշխող խմբակցություն, ընդդիմությանն առաջարկել ենք, որպեսզի այս դժվարին պայմաններում ցուցաբերենք միասնականություն և կարողանանք միասնաբար ընդունել մեկ հայտարարություն և միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը: Ազգային ժողովի հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, այլ պետք է այնպիսի միջազգային ուղերձներ հղել աշխարհին, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Առաջարկել ենք, որ պատրաստ ենք ընդդիմության հետ գնալ կոմպրոմիսների, բայց ընդդիմությունը հրաժարվել է: Ընդդիմությունը նաև հրաժարվեց մասնակցել այս նախագծի քննարկմանը և հրապարակային ներկայացնել իր դիտարկումները, քննադատել, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե սա ինչի մասին է: Եվ հայտարարեցին, որ իրենց մոտեցումները կներկայացնեն հանրահավաքի ժամանակ: Սա նշանակում է, որ Ազգային ժողովի ընդդիմությունը ոչ թե հայտարարության նախագիծ է ուզում ստանալ, այլ ուզում է հանրահավաք կազմակերպել»,- ասաց Կոնջորյանը:
Կարծիքներ