Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն իմ սիրտը հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն իմ սիրտը հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ ելույթ ունեցավ Սենատի նախագահը՝ նշելով, որ աշխարհում քիչ են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին համարժեք վայրերը: 

«Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն դրա զոհերն այստեղ են՝ մեզ հետ: Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի՝ ծանոթ լինելով կատարվածին և, այնուամենայնիվ, այստեղից հեռանում ես փոխված:

Ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները կորցնում են իրենց իմաստը: Եվ այսօր մենք այստեղ ենք՝ Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ միասին՝ փաստելու այդ հանգամանքը: Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն իմ սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այստեղ անցյալն արձագանքում է ներկայում: Հուշահամալիրը մեզ սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, եթե նույնիսկ դրանք հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում: Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն  պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին, այն դեպքում, երբ սպառնալիքը, որ թվում է՝ մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության կրկնության դեմ լավագույն պատվարն է:

1915 թվականից հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան գտան Ֆրանսիայում: Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրան պարտական: 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Դա տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Ժիրակի նախաձեռնությամբ: Այս պատմությունը ստիպում է մեզ՝ եվրոպացի ֆրանսիացիներին, որ երբեք դա չմոռանանք:

Վաղն առավոտյան մենք Ֆրանսիայում պետք է հիշատակենք նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը: Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության, ժողովրդավարական արժեքների մասին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Ժերար Լարշեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում