Կայացել է կլոր-սեղան քննարկում Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ

Կայացել է կլոր-սեղան քննարկում Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել է կլոր-սեղան քննարկում  Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ։


Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, Հովտաշեն համայնքի ղեկավարը,  շահագրգիռ գերատեսչությունների և խնդրի լուծմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ։

Քննարկվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները:

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ներկայացրել է 2020-2021 թվականին իրականացված աշխատանքները և ստացված արդյունքները։ Ներկայացվել են թռչունների փետուրների լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց աղտոտման պատճառ են հանդիսանում նավթամթերքները, մասնավորապես՝ մեքենաների յուղերը:

Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Bird Links»  հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Աղաբաբյանը ներկայացրել է նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և մի շարք այլ կազմակերպությունների ու կամավորների հետ համատեղ վերջին տարիներին իրականացված աշխատանքների և արագիլների աղտոտման պատճառների ուսումնասիրություների արդյունքները:

Ըստ այդ ուսումնասիրությունների առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ քաղաքային աղբավայրերում սխալ տեղադրման արդյունք է։

Ուսումնասիրությունների արդյունքներ է ներկայացրել նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին խնդրել է գործել առավել համակարգված, համադրել առկա բոլոր փաստերը և ջանքեր գործադրել՝  թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու և տարածաշրջանի էկոլոգիական խնդրին  վերջնական լուծում գտնելու նպատակով։

Նախարարի տեղակալը անդրադարձել է խիստ վարչարարության կիրառման անհրաժեշտությանը, որով հնարավոր կլինի կարգավորել ձկնաբուծարանների կողմից աղբավայրերում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության գործին։Աննա Մազմանյանը կարևորել է հատկապես խնդրին առնչվող համայնքներում էկոլոգիական կրթության համակարգի կատարելագործումը և բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքների պատշաճ իրականացումը։

Ամփոփելով քննարկումը, մասնակիցները հույս են հայտնել, որ  հաջորդ հանդիպմանը կունենան առավել տեսանելի արդյունքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում