Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,-ասաց Թորոսյանը:
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Կեսգիշերից սկսած մինչև այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով: ՊՆ-ն կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց՝ առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:
Կարծիքներ