Լարսի անցակետում հերթեր չկան. Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցում հնարավոր խնդիրների և Լարսի անցակետում հերթերի մասին հարցին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ Հայաստանի արտահանողները կարող են կորցնել ռուսական շուկան՝ պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի լարվածությամբ։ «Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է դեպի Ռուսաստան գնում: Տնտեսավարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա»,- ասաց նա՝ անդրադառնալով նաև լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանից արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ռուսական շուկային։
Անդրադառնալով Լարսի անցակետում օրերս առաջացած խնդիրներին, մասնավորապես այն փաստին, որ հայկական կոնյակով բեռնված բեռնատարները մի քանի օր կանգնած էին մնացել անցակետում, Քերոբյանն ասաց, որ այս պահին Լարսի անցակետում հերթեր չկան։
Նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարվա հունիսից հետո իր և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում նոր ուղիներ են բացվել, հեշտացվել են գործընթացները:
Ըստ նրա՝ Լարսի անցակետում հերթեր ընդամենը երկու օր են եղել, հիմա չկա:
Կարծիքներ