Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին. վիրավորում ստացած զինծառայող
Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և ԱՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանման նախաձեռնությամբ այցելել են մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորում ստացած, այժմ հոսպիտալում ապաքինվող ԱՀ ՊԲ զինծառայողներին։ Այս մասին հայտնել են Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:
Նախքան հոսպիտալ այցելությունը՝ հոգեբանական կենտրոնում ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հոգեբան Վիտյա Յարամիշյանը ուսանողների հետ մասնագիտական խորհրդատվական հանդիպում ունեցավ՝ նշելով, որ անկախ մասնագիտությունից՝ այս օրերին երկուստեք կարևոր է մեր վիրավոր զինծառայողների կողքին գտնվելը, նրանց հետ զրուցելն ու միմյանց ուժ հաղորդելը։
Վիրավորում ստացած տղաներն այս օրերին հակառակորդի առաջին հարվածն իրենց վրա վերցրած հերոսներն են, ովքեր, թեկուզ վիրավոր, դարձյալ շտապում են առաջնագիծ մեկնելու, ասում են. «Միայն թե բժիշկները թույլ տան, հիմա էլ վեր կկենանք, գնանք՝ մեր գործը շարունակելու, մեր առաջնագիծը մեր տունն է, մենք այնտեղ պիտի լինենք, մենք ուրիշ գնալու տեղ չունենք, մենք պիտի պահենք մեր հայրենիքը…»։
Տղաներից Արտիկ Գրիգորյանը, վիրավոր վիճակում, կյանքը վտանգելով, փրկել է ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած, շարժվել չկարողացող վիրավոր զինընկերոջը՝ դուրս բերելով նրան։
Ի պատասխան հոգեբանների աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության՝ ժպտում են՝ ասելով. «Արդեն դիմադրողականություն ենք ձեռք բերել, 3-րդ անգամն ենք պատերազմական գործողությունների մասնակցում…»։
«Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին։ Թշնամին կարող է մեր մարմինը վիրավորել, բայց մեր ոգին ու կամքը չի կարող կոտրել, դրանից ավելի ենք ամրանում, դառնում անկոտրում»,- ասում է Ադրբեջանի հարձակման հետեւանքով վիրավորում ստացած Վիտալին։
«Ես մի ասելիք ունեմ հանրությանը։ Առաջնագիծը պահող զինծառայողը թիկունքում պետք է զգա ամրություն։ Ասելիքս է, որ յուրաքանչյուր արցախցի ապրի Արցախում, որ ապրի Արցախը, երկիրը չհայաթափվի։ Եթե զինվորը կանգնած է առաջնագծում, թիկունքում էլ թող յուրաքանչյուրը կանգնի իր դիրքում իր գործով ու անելիքով»,- ասում է վիրավորում ստացած զինծառայող Հայկ Պետրոսյանը։
ԱրՊՀ ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ու հավաստիացրել, որ երիտասարդությունը պատրաստ է մինչև վերջ կանգնելու և յուրաքանչյուրն իր ոլորտում պայքարելու հանուն Արցախում ապրելու և արարելու։
Պրակտիկ հոգեբան Ռուզաննա Մկրտչյանի խոսքով՝ այսպիսի այցելություններն ու փոխշփումները նախ մարդասիրական նշանակություն ունեն, ապա նաև՝ մասնագիտական։ Հետտրավմատիկ հոգեբանական խնդիրներ բացահայտելուց ու լուծելուց զատ շատ կարևոր է նաև ուսանողների համար մեր հերոս տղաների սխրանքի վերարժևորումը, կարևոր է և զինծառայողների, և հասարակության, և՛ ուսանողության համար։
ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանի խոսքով՝ ԱրՊՀ համագործակցությունը ԱՀ ՊԲ-ի հետ շարունակական է, և այդ գործակցության շրջանակում ԱրՊՀ-ն պատրաստակամ է իր ռեսուրսներն ի նպաստ ծառայեցնելու այն ուղղություններով, որտեղ կարիքը լինի։
Կարծիքներ