Եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման․ Նազելի Բաղդասարյան

2022 թվականի 11 ամսվա ընթացքում Շիրակի մարզում համայնքների սեփական եկամուտները կատարվել են 86.4 տոկոսով։ Ամենացածր ցուցանիշն ունեն Ախուրյան և Անի համայնքները՝ համապատասխանաբար 74 և 74․4 տոկոս։
Ըստ մարզպետի՝ մխիթարող չէ հանգամանքը, որ նախորդ տարվա ցուցանիշից բարձր են այսօրվա թվերը։
«Եկեք արձանագրենք, որ սեփական հարկերի, տուրքերի հավաքագրման նկատմամբ վերահսկողությունը համայնքի ղեկավարի ուղիղ պարտականությունն է։ Սա համայնքի պարտադիր լիազորություններից է, և չկատարումը խոսում է լիազորությունների ոչ պատշաճ կատարման մասին։ Պատահական չէ, որ նիստին մասնակցում են նաև վարչական ղեկավարները, քանի որ հենց իրենք եթե չեն հավաքագրում այդ գումարները, նաև պետք է բնակիչներին էլ պատասխան տան, թե ինչու չի իրականացվում այս կամ այն պետական ծրագիրը։ Ամեն ինչ փոխադարձ է։ Հարգելի համայնքապետեր, եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման։ Պետք է չլինեն արտոնյալներ, որոնք կխուսափեն իրենց պարտավորությունները կատարելուց»,- ասաց մարզպետը։
Բաղդասարյանը նկատեց՝ մարզխորհրդի նիստը 10 օր շուտ է հրավիրվել, որպեսզի համայնքապետերը կարողանան այս բացը լրացնել։ Ախուրյանը, բացի դրանից, այլ հարց էլ ունի լուծելու։
«Պարոն Իգիթյան, դուք նաև ստուգումների արդյունքում պետբյուջեին վերաբերող ձեռք բերված պարտականություններ ունեք վերադարձի, մինչ տարեվերջ պետք է կատարեք։ Մյուս համայնքների մասով նման անելիք չկա»,- հայտարարեց մարզպետը։
Կարծիքներ