Եղեգնաձորի ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել. կան կալանավորվածներ
Անցած տարի ոստիկանության Եղեգնաձորի բաժնում արձանագրվել էր բնակարանային գողության հինգ դեպք, որոնք կատարվել էին հարմարեցված բանալու գործադրմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ տեղեկության՝ գործում էր երեքհոգանոց խումբ, բայց հայտնի էր միայն երկուսի տվյալները: Փետրվարի 4-ի երեկոյան հաջողվել է ֆիքսել, որ խմբի անդամներից երկուսը դուրս են եկել Եղեգնաձորի Արսենյան փողոցի մի շենքից և նստել «Պորշ» մակնիշի մեքենան, որի ղեկին է եղել երրորդ ընկերը:
Ոստիկանները կանգնեցրել են մեքենան, սակայն վարորդը դիմել է փախուստի: Հետապնդումն ավարտվել է Եղեգնաձորի Երևանի խճուղում: Մեծ արագությամբ ընթացող մեքենան ինքնավթարի է ենթարկվել: Թողնելով մեքենան՝ հետապնդվողներն արդեն ոտքով դիմել են փախուստի, ամեն մեկը՝ մի ուղղությամբ: Այդ ընթացքում վարորդը հասցրել է ձեռքից գցել ինչ-որ փաթեթ:
Երեկոյան ժամը 21:00-ին երեքն էլ, մեկը՝ Եղեգնաձորի, երկուսը՝ Երևանի բնակիչներ, բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ ինքնավթարի տեղում զննությամբ հայտնաբերվել էր պոլիէթիլենային տոպրակ՝ ոսկյա զարդերով:
Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Եղեգնաձորի ոստիկանները դիմել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն՝ ոսկյա զարդերի հայտնաբերումը հանրայնացնելու և տուժած քաղաքացուն գտնելու համար: Տեսանյութը տարածելուց ժամեր անց իրավապահներին է զանգել Արսենյան փողոցի մի բնակչուհի և ճանաչել է իր զարդերը:
Փետրվարի 17-ին երեք տղամարդուն էլ մեղադրանք է առաջադրվել: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունը բավարարվել է, երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ