Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը

Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը

Ապրիլի 10-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Գեղամյանի նախագահությամբ, հրապարակվել է 2024թ. հուլիսի 26֊ի ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Մեղադրյալ Արմեն Տոնոյանը ճանաչվեց մեղավոր, որպես հիմնական պատիժ` դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ որպես լրացուցիչ պատիժ` 3 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքից։

Մյուս մեղադրյալ Արման Ալեքսանյանը ճանաչվեց մեղավոր, որպես պատիժ նշանակվեց տուգանք 750.000 ՀՀ դրամի չափով։ Տուժողների գույքային հայցերը բավարարվեցին մասնակի` համապատասխանաբար 4 մլն և 2 մլն ՀՀ դրամի չափով։

Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, նշանակվել էր արագացված դատաքննություն, նշանակվել էին լրացուցիչ դատալսումներ»,- գրում է տուժողների լիազոր ներկայացուցիչը:

Ինչպես հայտնի է, 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա որդին տեղափոխվել էր «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ գիտակցության չգալով՝ ևս մահացել էր:

Տոնոյանը վթարից հետո հատել էր Հայաստանի սահմանը՝ գնալով Վրաստան։

2024-ի սեպտեմբերի 20-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Ախուրյանի բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում