Նման նախագծեր իրականացնողների կողքին կանգնելը մեր պարտքն է. Կոտայքի մարզպետն այցելել է «Հերոսների վերականգնողական քաղաք»
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Արցախյան վերջին պատերազմից հետո Պռոշյան համայնքում «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի շրջանակում կառուցվող կենտրոնի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին, նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի հետ քննարկելու և հասկանալու հընթացս առաջ եկող խնդիրները:
«Լայնածավալ ու մեծ մասշտաբների հասնող ծրագիր է իրականացվում և մեր պարտքն է կանգնել նման նախագծեր իրականացնողների կողքին, աջակցել, որպեսզի նախագիծը կյանքի կոչվի, մանավանդ, որ այս կենտրոնը հնարավորություն է տալու անվճար բուժում ստանալ այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված են հաղթահարել հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ»,- տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից, նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:
«Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի շրջանակում կառուցվող կենտրոնը կրելու է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը: Տարածքում կառուցվում է նաև 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունը կրող պուրակ:
Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը շինաշխատանքների վերաբերյալ որոշ դիտարկումներ և առաջարկներ է հնչեցրել: Մի քանի կոնկրետ խնդիրներ էլ ներկայացվել են Սուրեն Արեենցի կողմից, որոնց լուծման ուղղությամբ մարզպետի լիազորությունների շրջանակում նախատեսվող քայլերը չեն ուշանա:
Կարծիքներ