Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ
2020թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հենակետերի, զորամասերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և շփման սահմանագիծը հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները, առանձին քաղաքացիական անձանց թիրախավորմամբ ականանետային-հրթիռահրետանային համակարգերի և ԱԹՍ կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում և Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված թվով 37 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։
Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի ընդհանուր հրամանատարությամբ, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» եռակողմ համաձայնագրի, 1945թ. հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից), 1974թ. դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք), «բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը) և 1998թ. հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, ականանետային-հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի կիրառմամբ ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ:
Ադրբեջանի զինված ուժերը, վարելով ագրեսիվ պատերազմ, նպատակադրվել են ձեռք բերել ռազմական գերակայություն՝ կոպտորեն խախտելով 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի պահանջները (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից)։
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի, այլ բարձրաստիճան հրամանատարների և քննությամբ դեռևս չպարզված մի շարք այլ զինծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը կամ վարելը), 387-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական գործողություններում կամ զինված ընդհարումներում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում 2020թ. սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր գործին և նախաքննությունը շարունակվում է մեկ վարույթում։
Կարծիքներ