«Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» թեմայով աշխատաժողով՝ «Կատապուլտ» ծրագրի շրջանակում
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» խորագրով երկօրյա աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին տրամադրել մշակութային արժեքների տեղափոխության պայմանակարգերի, գնահատման ընթացակարգերի, արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ փորձագիտական համալիր գիտելիքներ՝ ներառյալ արվեստի գործերի փաթեթավորում, տեղադրում, փոխադրում, ապահովագրություն, մաքսազերծում, պահեստավորում և այլն: Գործնական աշխատարանի շրջանակում ներկայացվել է նաև արվեստի գործերի փաթեթավորման ընթացքը:
Գիտագործնական դասընթացի կազմակերպիչներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ArtNexus-ը (Շվեդիա), Կատապուլտ աքսելերացիոն ծրագիրը:
Ծրագրին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության աշխատակիցները, նախարարության ենթակայության թանգարանների ֆոնդապահները, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին ներգրավված այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը և «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Եսթեր Աբրահամյանը:
Աշխատաժողովի ավարտից հետո բոլոր մասնակիցներին տրամադրվել են մասնակցության վկայականներ:
Կարծիքներ