Գերմանիան 100 պացիենտի համար նախատեսված մոնիտոր և 4000 պուլսօքսիմետր է նվիրել Հայաստանին
Գերմանիայի կառավարության կողմից, «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ, Հայաստանին է նվիրաբերվել 100 պացիենտի համար նախատեսված մոնիտոր և 4000 պուլսօքսիմետր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերն առաջին անգամ փորձարկել են նվիրաբերված պուլս օքսիմետրերը:
Լենա Նանուշյանը կարևորել է նման գործակցությունը. «Չնայած այս պահին մեր երկրում քովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, այնուամենայնիվ, աշնանը` հատկապես կրթական հաստատությունների վերաբացմանը զուգընթաց, քովիդով հիվանդացության ցուցանիշի աճ է կանխատեսվում: Նման գործընկերային հարաբերությունները հույժ կարևոր են համավարակների ժամանակ»:
Դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ այս նվիրատվությունն առողջապահության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության մաս է կազմում և կօգնի դիմակայել հնարավոր մարտահրավերներին:
Կարծիքներ