Կան շատ գործազուրկներ, որոնք պարզապես չեն ուզում աշխատել. Քերոբյան

Կան շատ գործազուրկներ, որոնք պարզապես չեն ուզում աշխատել. Քերոբյան

Համարյա բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց կան նաև շատ գործազուրկներ, ովքեր պարզապես չեն ուզում աշխատել։ Այս մասին ֆեյսբուքյան հրապարակում է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նշել, որ ստեղծված իրավիճակում հաճախ կարծում են, որ պատճառն ընկերությունների ցածր արտադրողականությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում վճարել մրցունակ աշխատավարձ, սակայն երբ առաջարկվող աշխատավարձը մոտ է միջին աշխատավարձի կրկնապատիկին, լրացուցիչ հարցեր են առաջանում։

Քերոբյանի գրառման հիմքում հետևյալ պատմությունն է.

«Որոշ ժամանակ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը, որ մասնակցել է պատերազմներում, վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ և չի հասցնում ծայրը ծայրին։ Օգնություն խնդրեց։

Այնպես էր ստացվել, որ այդ պատահական հանդիպման նախորդ օրը մի միջոցառման ժամանակ հանդիպել էի JCA-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանին, ով բավականին երկար ու մանրամասն բողոքեց, որ չի կարողանում բարձր աշխատավարձով ապագա ոսկերիչներ ընդունել աշխատանքի, ովքեր, կարճաժամկետ ուսուցումից հետո կարող են 400-800հզ մաքուր աշխատավարձ ստանալ՝ կախված իրենց աշխատանքից։

Հիշելով դա, Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն, ու ինքն էլ իր բոլոր հարցերը կլուծի աշխատանքով։ Ինքն էլ դժկամորեն համաձայնվեց ու փոխանցեց իր տվյալները, ես էլ դա փոխանցեցի JCA-ի տնօրենին։ Վերջինս ինձ այսօր տեղեկացրեց, որ Մարատին երկու անգամ հրավիրել են ու նա չի գնացել:

Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում