Գագիկ Ծառուկյանը փակել է իր՝ վարչապետ դառնալու թեման. Ժողովուրդ

Գագիկ Ծառուկյանը փակել է իր՝ վարչապետ դառնալու թեման. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր եռյակ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների օրակարգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն թեման, թե ով կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի իրենց թեկնածուն: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մյուս ուժերին առաջարկել է որոշել, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որևէ հավակնություն չունի վարչապետ դառնալու, ավելին՝ Վանեցյանն էլ չի կարող հավակնել դառնալու եռյակի վարչապետի թեկնածուն: ՀՅԴ-ն ևս նման հեռանկար չի տեսել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ «Հայրենիք» կուսակցությունից: Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նմանատիպ խոսակցություն, որքանով ես տեղյակ եմ, եղել է ամիսուկես, երկու ամիս առաջ, երբ նոր սկսվում էր եռյակի գործունեությունը: Որևէ մեկը հարց չի բարձրացրել, թե ով պետք է լինի վարչապետ. այո, եռյակն ասել է, որ մեր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ, և այն ինքնանպատակ չէ: Մեր պայքարը առհասարակ իշխանությունների դեմ է, որը մենք իրականացնում ենք, վարչապետի հարց չկա օրակարգում»:

Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Ես նման ձևաչափով, առավել ևս նման բովանդակությամբ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ, եռյակի ձևաչափում տեղի ունեցող բոլոր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն և հաղորդագրություններ տրամադրվում են ԶԼՄ-ներին: Եվ ես խորհուրդ եմ տալիս լրատվամիջոցների բոլոր իմ գործընկերներին առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով և ոչ թե տարատեսակ ու կասկածելի աղբյուրներից լրատվական դաշտ նետված տեղեկատվությամբ»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին մասնակցել միայնակ՝ առանց դաշնակիցների: Ավելին, Ծառուկյանը երկու ամսից ավելի է, ինչ չի հանդիպել ինչպես Վանեցյանին, այնպես էլ «Դաշնակցության» լիդերներին: Ընդդիմադիր եռյակի համագործակցությունը շարունակվում է միայն աշխատանքային խմբի ձևաչափով, որի անդամներն են ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը և Արթուր Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը և Լիլիթ Գալստյանը, իսկ «Հայրենիքից»՝ Արա Սահակյանը և Արսեն Բաբայանը: Թե ուր կհասնեն, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում