Ամրապնդել Արցախի կապն արտաքին աշխարհի հետ. Ի՞նչ ակնկալել օդանավակայանի հնարավոր վերաշահագործումից
Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործումը կոմունիկացիաների վերաբացման, ապաշրջափակման կարևոր բաղադրիչներից մեկն է: Այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Օդանավակայանը նախատեսվում է մոտ ապագայում վերագործարկել: Քանի որ կա պայմանավորվածություն, մնացածը տեխնիկական հարցեր են, խաղաղապահ ուժերն այդ ամենն իրականացնելու են»,-նշեց Դավիթ Բաբայանը: Հարցին, թե այս փուլում Ստեփանակերտի օդանավակայանում նախապատրաստական աշխատանքներ արվո՞ւմ են, Դավիթ Բաբայանը նշեց, որ կատարվում են, գործընթացն ընթանում է: Արցախի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ օդանավակայանի վերագործարկումը թե ռազմաքաղաքական, թե սոցիալ-տնտեսական առումով կարևոր է:
«Ռազմաքաղաքականն այն է, որ օդանավակայանը ծառայելու է նաև խաղաղապահ առաքելությանը: Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսականին, ապա հնարավորություն է ստեղծվելու Արցախի կապն արտաքին աշխարհի հետ զարգացնելու, ամրապնդելու: Բոլոր տեսանկյուններից էլ լավ է, որ օդանավակայանն աշխատի»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով, ըստ երևույթին, ռուսական կողմի պարտադրանքն է: Այն ճանապարհը, որն իրականացվում է սկզբում օդային ուղով դեպի Երևան, այնուհետև ցամաքային երկարատև ուղով դեպի Արցախ, չի կարող ոչ մի կերպ գոհացնել ռուսական կողմին, որն, ըստ էության, բավական մեծ թվով ռազմական ուժեր է կենտրոնացրել Արցախում:
«Դրանց սպասարկելու համար ապագայում պետք կլինեն նոր բեռնափոխադրումներ, արդյունավետ գործող տրանսպորտային կապ: Այնպես, որ կարծում եմ՝ Ստեփանակերտի բացման գործընթացը սկսել է Ռուսաստանը, որը դրա համար ունի այդ ուժային ռեսուրսն ու լծակը, իհարկե, առաջին հերթին ելնելով իր աշխարհաքաղաքական նպատակներից: Այն է՝ տրանսպորտային կապն իր զինված ուժերի հետ պահպանվի: Ռուսաստանը կգործարկի օդանավակայանը, ես չեմ կասկածում»,-ասաց Գարիկ Քեռյանը:
Արդյոք օդանավակայանի գործարկումը կլինի միայն Արցախում տեղակայված ռուսական զինված ուժերի սպասարկմանն ուղղված բեռնափոխադրման համար, քաղաքագետի կարծիքով, դա կախված է հայկական կողմի աշխատանքից: Ըստ նրա՝ համապատասխան օղակները ռուսական կողմի հետ պետք է աշխատեն, ու դա պետք է արվի նրբանկատորեն, որ հակազդեցություն առաջ չբերվի:
«Եթե ռուսական կողմին հաջողվի նաև համաձայնեցնել այն հանգամանքը, որ Երևան- Ստեփանակերտ կանոնավոր ավիաչվերթներ տեղի ունենան և՛ քաղաքացիական, և՛ բեռնափոխադրումների համար, ապա դա կլինի հոյակապ: Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը մեծ նշանակություն ունի: Ժամանակին հսկայական աշխատանք է կատարվել ժամանակակից չափանիշներով օդանավակայան ունենալու համար: Ադրբեջանի դրած վետոյի պատճառով այն չգործարկվեց: Այսօր ճիշտ է պատերազմն ավարտվեց մեր պարտությամբ, բայց Արցախը, թեկուզ, փոքր տարածքով, բայց պահպանել է իր սուբյեկտայնությունը որպես չճանաչված պետություն: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա այն կարևոր կետը, որ պետք է տրանսպորտային բոլոր կոմունիկացիոն ուղիները բացվեն: Այս առումով հավանաբար օդանավակայանը ևս մտցված է այդ ցանկում»,-հավելեց քաղաքագետը:
Դեկտեմբերի սկզբին տեղեկություն տարածվեց այն մասին, որ նախատեսվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը: Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: Հիմնական երթուղիները եղել են դեպի Երևան և Բաքու։ 90-ական թվականների սկզբին ղարաբաղյան հակամարտության ընթացքում օդանավակայանը ծառայել է ռազմական կարիքների համար։ Դրանից հետո այն չի շահագործվել։ Վերանորոգումից հետո օդանավակայանը պատրաստ էր աշխատել արդեն 2011 թվականին, սակայն Բաքուն նախազգուշացրել էր, որ չի ընդունի դա:
Կարծիքներ