72մլն դրամ է հատկացվել մարզաբնակ 1150 երեխայի խնամքի ցերեկային ծառայության մատուցման համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։
Նախարարությունից հայտնում են, որ Տավուշի (Իջևան,Նոյեմբերյան), Արագածոտնի (Թալին, Ապարան), Սյունիքի (Սիսիան), Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի) և Շիրակի (Ամասիա) մարզերում խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 72 մլն դրամ։
Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 1,150 երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեկան կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։
Երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրվում է սոցիալական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու վերջիններիս սոցիալական, կրթական, առողջապահական ու ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց սոցիալական մեկուսացումն ու մուտքը՝ հաստատություններ:
Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։
Վերոնշյալ մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը պատվիրակված է «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությանը։
Կարծիքներ