Հայիթիում իրավիճակի կայունացման միտումներ են նկատվում
Միջազգային առաքելության տեղակայումը նպաստել է Հայիթիում իրավիճակի կայունացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Այդ երկրում իրավիճակը կտրուկ սրվել էր այս տարվա փետրվարից։ Ավազակախմբերն առևանգում էին խաղաղ բնակիչներին, խափանում սննդի և ջրի մատակարարումները, հարձակվում ոստիկանների վրա։ Կարգուկանոնը վերականգնելու նպատակով հունիսի վերջին Հայիթի են հրավիրվել Անվտանգության աջակցության բազմազգ առաքելության օտարերկրյա ոստիկանական ուժեր, որոնք բաղկացած են հիմնականում Քենիայի ստորաբաժանումներից։ Դրա շնորհիվ իրավիճակը երկրում որոշակիորեն կայունացել է, թեպետ դեռ գրանցվում են ավազակների հարձակման առանձին դեպքեր։
Անցումային շրջանի վարչապետ Հարի Քոնիլը հայտարարել է, որ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի ավելի քան 85 տոկոսը դեռևս վերահսկվում է ավազակախմբերի կողմից, իսկ շուրջ 600 հազար մարդ լքել է իր տունը։
ՄԱԿ-ի արտոնած բազմազգ առաքելության կազմում հունիսի վերջից Հայիթի են ժամանում քենիացի ոստիկանական սպայերի խմբեր, որոնք կազմելու են 2,5 հազար մարտիկից բաղկացած ուժային կոնտինգենտի կորիզը և ապահովելու են սոցիալական և պետական հաստատությունների անվտանգությունը։ Քենիայից բացի Հայիթի ստորաբաժանումներ են պատրաստվում ուղարկել Բենինը, Չադը, Բահամյան կղզիները, Ճամայկան, Բարբադոսը, Սուրինամը և Բանգլադեշը։Հայիթին արդեն մի քանի տասնամյակ չի կարողանում հաղթահարել սոցիալ-քաղաքական ճգնաժամը, որը սրվել է 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոյիզի սպանությունից հետո: 2024 թվականի փետրվարին՝ վարչապետ Արիել Անրիի բացակայության պայմաններում ավազակախմբերն ակտիվացրեցին իրենց գործողությունները՝ հայտարարելով, որ մտադիր են խոչընդոտել երկրի կառավարմանը նրա վերադարձին։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ավելի ուշ, Գայանայի նախագահ Իրֆաան Ալին Ճամայկայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել էր, որ Անրին հեռանում է պաշտոնից, իսկ քաղաքական անցումային շրջանում Հայիթին ժամանակավորապես կառավարելու է նախագահական անցումային խորհուրդը։Մայիսի վերջին Հայիթիի նախագահական անցումային խորհուրդը երկրի ժամանակավոր վարչապետ էր ընտրել ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Հարրի Կոնիլին, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր դեռ 2011-2012 թվականներին։ Նա պետք է զբաղվի նաև նախագահական նոր ընտրությունների կազմակերպմամբ։
Կարծիքներ