ԲԿՄԱ-ն հանդես կգա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներով
Բանակի կենտրոնական մարզական ակումբը և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրեցին:
Ըստ համաձայնագրի, հաջորդ մրցաշրջանում ԲԿՄԱ-ն հանդես կգա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներով: Համաձայնագիրը որևէ կողմի համար ֆինանսական պարտավորություն չի ներառում:
ԲԿՄԱ տնօրեն Գագիկ Աղբալյանի խոսքով` ստորագրված համաձայնագիրը պիտի պատիվ բերի ակումբին, քանի որ ի սկզբանե թիմի համար կարևոր է նաև գաղափարախոսական կողմը: «Մենք Հայաստանի մի մասնիկն ենք և որպես մարզական թիմ, որն ունի երկրպագուների բանակ, պետք է օրինակելի լինենք մյուսների համար»,-ասաց նա:
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի կարծիքով, այս համաձայնագիրը և մարզաշապիկների վրայի տարբերանշանը կբարձրացնեն հիմնադրամի մասին իրազեկվածությունը: «Չափազանց ոգևորիչ կլինի մեր երեխաների համար դաշտում տեսնելը երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք կրում են այն հիմնադրամի լոգոն, որը իրենց աջակցում է»,-շեշտեց Դեմիրճյանը
«Կողմերից ոչ մեկին նյութական ոչինչ չի տա այս համաձայնագիրը, բայց մեծ հոգեբանական լիցքը կլինի երկուսի համար էլ: Հիվանդ երեխան, որ գամված է մահճակալին, կտեսնի, թե մարդկային ինչպիսի ուժի դրսևորում կա սպորտում»,-ասաց Պրոֆ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
ԲԿՄԱ-ի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի համագործակցությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ: Տարվա սկզբին ֆուտբոլիստները հյուրընկալվել էին հիվանդությունից բուժվող երեխաներին:
Կարծիքներ