Եվրաինտեգրման անդամակցելու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով

Եվրաինտեգրման անդամակցելու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դիտարկմամբ՝ Եվրոպական միությանն անդամակցելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակը հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցից։ 

Պեսկովն, այդուհանդերձ, վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակցությունը շահավետ է Հայաստանի համար։ 

«Իհարկե, դա (խմբ․ ԵՄ-ին անդամակցելը) Հայաստանի ինքնիշխան իրավունք է, բայց մենք հաստատ գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունից շահում է ոչ միայն Հայաստանը՝ որպես պետություն, այլ նաև Հայաստանի ժողովրդը. «Հայաստանի տնտեսական աճի տեմպերը՝ կապված միությանը մասնակցելու հետ, չափվում են տոկոսներով»։

Նա նաև հավելել է, որ Եվրամիությունն ինքնուրույն է նախաձեռնում միությանն անդամակցելու գործընթացները, ուստի պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը։  

«Մենք գիտենք, որ Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունն այս հարցում», - նկատել է Կրեմլի խոսնակը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։  

«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,-ընդգծել է Պեսկովը։ 

Պեսկովի խոսքով՝ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։  

«Դա կախված է նրանից, թե ինչ կընդգծի հայկական կողմը», - նշել է Պեսկովը՝ գնահատելով Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների և Հայաստանի հետագա հարաբերությունների հեռանկարները։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է «Եվրաքվե» նախաձեռնությունը։ Կառավարությունում հավանության արժանանալուց հետո նախագիծն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում