Վահան Քերոբյանը դեմ է լինելու կորոնավիրուսով պայմանավորված խստացումներին, եթե վիճակը ծայրահեղ չլինի
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել խուսափելու համար կորոնավիրուսով պայմանավորված խստացումների ճանապարհով գնալուց։ Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ դրա համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Խստացումները շատ վատ են անդրադառնում տնտեսության վրա, և քանի որ տնտեսության համար ես եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին։ Իհարկե, այս ամենը պետք է բալանսավորել: Եթե տեսնենք, որ վիճակը ծայրահեղ է դառնում, և առողջապահական համակարգը այլևս չի կարողանալու սպասարկել հիվանդությունը, ապա պետք է դիտարկել խստացումների գնալու տարբերակը։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կկարողանանք այս սցենարից խուսափել»,- ասաց Քերոբյանը։
Հայաստանում մարտի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք, առողջացել է 433 քաղաքացի, մահացել է՝ 18-ը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն առողջացման, 3434-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ:
Կարծիքներ