Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Նիկոլ Փաշինյան

2024 թվականի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատանքով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել. գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ:

Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այսինքն՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242 հազար 119 աշխատատեղ, ընդ որում՝ աշխատավարձով ապահովված: Շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների հետ կապված, բայց այս վիճակագրությունն ավելի քան վստահելի է: 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173 հազար 996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304 հազար 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս:

«Սա, թերևս, մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում, թե՞ 2018-ին էին լավ ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում՝ և՛ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով, և՛ ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը, սակայն, չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- նկատեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում