Շոյգու. Ռուսաստանը եւ Հայաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ում

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ նրա հայ գործընկեր Վաղարշակ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը: Նրանք կքննարկեն ընթացիկ սուր խնդիրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի նախարարն առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, եւ, իհարկե, այս պահի դրությամբ ծագած բոլոր սուր խնդիրները»,- ասել է Շոյգուն:
«Այսօր մենք կքննարկենք համագործակցության մեր բոլոր հարցերը, որոնք, իմ կարծիքով, շատ հաջող են զարգանում»,- ասել է Հարությունյանը: Բացելով հանդիպումը՝ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:
«Հաջողությամբ են իրականացվում մեր զինված ուժերի միավորված խմբավորման ինչպես նաեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը․․․ Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է, որը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն»,- շարունակել է նա:
Շոյգուն շնորհավորել է Հարությունյանին եւ ողջ հայ ժողովրդին պետական տոնի` Հանրապետության օրվա առթիվ: «Ես ուզում եմ շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ, որն այսօր նշում է ամբողջ հանրապետությունը, եւ այս օրը դուք Մոսկվա գալու հնարավոր գտաք: Սա ենթադրում է, որ մեր երկրների հարաբերությունները շարունակում են բարձր մակարդակի վրա մնալ, եւ մենք շարունակում ենք զարգացնել եւ խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը»,- ասել է նա:
ՌԴ նախարարը հիշեցրել է, որ հայկական բարձր մակարդակի ռազմական պատվիրակությունները ավանդաբար մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության նշանակալի միջոցառումներին: «Մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ Միջազգային անվտանգության մոսկովյան IX համաժողովում, որը տեղի կունենա հունիսին»,- ասել է նա: «Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին՝ Միջազգային բանակային խաղերին եւ «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին»,- հավելել է Շոյգուն:
Կարծիքներ