Ամփոփվել է «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը

Ամփոփվել է «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը:

Օրերս աշակերտների մասնակցությամբ ամփոփվել է 2023 թվականի «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդիպել է աշակերտների հետ և խոսել դասական երաժշտության, նմանատիպ ծրագրերի կարևորության ու անհրաժեշտության մասին։ Հանդիպման ընթացքում ցուցադրվել է «Սիմֆոնիկ ԴասA» ծրագիրը ներկայացնող տեսանյութ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները հանդես են եկել երաժշտական կատարումներով:

2023 թվականին «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրն իրականացվել է Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 4 տասնյակ դպրոցներում` ապահովելով ավելի քան 13 000 սովորողների մասնակցությունը ծրագրին:

«Ծրագրի նպատակն է սովորեցնել երեխաներին ճանաչել և սիրել դասական երաժշտությունը։ Տարիների ընթացքում ավելացել է ծրագրով հետաքրքրված դպրոցականների թիվը: Իմ մեծագույն ցանկությունն է‚ որպեսզի երեխաները համերգից հետո վերլուծեն այն‚ ինչը տեսել և ունկնդրել են համերգասրահում: Մեր նպատակն է ծրագիրն ավելի ընդլայնել մարզերում. երեխաները շատ լավ են արձագանքում ծրագրին ու դասական երաժշտության մասին խոսելու պահանջ ունեն»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Սվետլանա Սահակյանի նշմամբ՝ նախարարությունն անչափ կարևորում է կրթամշակութային ծրագրերի իրականացումը, որոնց տարեցտարի մասնակցում է դպրոցականների ավելի մեծ շրջանակ՝ Երևանում և մարզերում. ««Սիմֆոնիկ ԴասA»-ն մեր լավագույն կրթական ծրագրերից է և իրավամբ կատարում է իր առաքելությունը․ այն սովորեցում է ճանաչել‚ զգալ ու սիրել դասական արվեստը: Այժմ նախարարության կողմից իրականացվում է 17 կրթական ծրագիր, որին մասնակցում է 450 դպրոց»։

Նշենք‚ որ «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրի շրջանակում անցկացվում են բաց դասեր և արտադպրոցական հանդիպումներ՝ աշակերտների հետ: Այնուհետև նրանք այցելում են համերգասրահ և մասնակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։ «Սիմֆոնիկ ԴասA»-ի սոցիալական էջերում կազմակերպվում են ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, տրվում են մրցանակներ, որոնք հնարավորություն են ընձեռում բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը ծրագրին և ապահովել հետադարձ կապը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում