Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: «Հենց այդ շարունակական քաղաքականության հետևանք է, որ այս տարի արդեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային 307 մեդալը»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս պահին ընթացքի մեջ է ավելի քան 10 մարզական օբյեկտների շինարարություն, հիմնանորոգում, նախագծում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ յուրաքանչյուր խոշորացված համայնքում նախատեսվում է ունենալ տիպային մարզական կառույց՝ լողավազանի, խաղային մարզաձևերի և այլ հնարավորություններով: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ եկող տարվա համար արդեն նախատեսված է նման կառույցների նախագծումը Եղեգնաձորում և Բերդում:

«Մեծ աշխատանք է տարվելու հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության հանդեպ դրական դիրքորոշում ձևավորելու, սպորտով զբաղվելը խրախուսելու համար: Նախատեսում ենք, որ պետք է առնվազն կրկնապատկվի մասնակցության ցուցանիշը մասսայական մարզական միջոցառումներին», - ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ եկող տարի կձևափոխվեն «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերը. սեղանի թենիսի և հեծանվավազքի մրցաշարերը կդառնան դպրոցական, կավելանա նաև նոր մրցաշար՝ խճուղային հեծանվավազք՝ բազմօրյա ռեժիմով:

Առանձին աշխատանք է տարվելու ժամանակակից գիտամեթոդական, վերականգնողական կենտրոնի ձևավորման, սպորտային բժշկության և սպորտային գիտության զարգացման ուղղությամբ:

Նախարարի դիտարկմամբ՝ ոլորտում առանձին խնդիր է հաշվետվողականությունը: Վերանայվելու և հստակեցվելու են, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, լիազոր մարմնի, ֆեդերացիաների, Օլիմպիական կոմիտեի և մարզական կազմակերպությունների հարաբերությունները: Ներդրվելու է տեղեկատվական կառավարման համակարգ, աշխատանք է տարվելու մասնավոր ոլորտի ներգրավվածության մեծացման մասով, այդ թվում՝ կառավարման գործընթացները պատվիրակելու միջոցով: Կմշակվեն առանձին մարզաձևերի զարգացման ծրագրեր, ինչպես՝ ֆուտբոլը, շախմատը, բասկետբոլը, ձմեռային մարզաձևերը:

«Ռազմավարության կարևոր ուղղություններից է ոլորտում կարողությունների զարգացումը՝ մարզիչների և մրցավարների որակավորման աստիճանական ստանդարտների, արդի պահանջներին համապատասխան վերապատրաստումների համակարգի ներդրման և այլ ուղղություններով: Շարունակելու են գործել նվաճումներ ունեցող մարզիկների, նրանց մարզիչների խրախուսման գործիքները, որը թե՛ միանվագ, թե՛ ամսական կտրվածքով դրամական շոշափելի աջակցություն է: Ունենք նույնիսկ ամսական մեկ միլիոն դրամից ավելի դրամական խրախուսում ստացող մարզիկներ», - ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը կարևորել է մարզիչների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը կամավոր ատեստավորման ներդրման միջոցով, որն այս տարի իրականացվել է 4 մարզաձևի համար, սակայն եկող տարի կընդլայնվի՝ ընգրկելով մեծ թվով մարզաձևեր:

Ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը, որը դրսևորվելու է թե՛ դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործման, թե՛ անվտանգության ժամանակակից համակարգերի ստեղծման միջոցով:

Ռազմավարության առանձին և կարևոր ուղղություն է Հայաստանի Հանրապետությունում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը: ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ և արդեն իսկ հանգեցրել է միջազգային սպորտային քարտեզի վրա Հայաստանի դիրքի ամրապնդմանը: «Այս տարի արդեն մի քանի մրցաշար անցկացվել է, հաստատվել են մրցաշարեր անցկացնելու մասին նոր հայտեր, մի քանի հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի անցկացման հայտը, քննարկման փուլում են», - հավելել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ռազմավարությունը մանրամասն քննարկվել է շահառու խմբերի հետ և արտացոլում է ոլորտում առկա խնդիրների լուծումն ու Կառավարության հետևողական ջանքերն այդ ուղղությամբ. ռազմավարությունն այդ քայլերը կդարձնի ավելի ինստիտուցիոնալ ու տեսանելի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է ռազմավարության ընդունումը՝ ընդգծելով, որ Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացումը լրացուցիչ լիցք և խթան է հանդիսանում մարզիկների համար, և այդ պրակտիկան պետք է շարունակել: Վարչապետը ԿԳՄՍ նախարարին խնդրել է ներկայացնել վիճակագրություն, թե 2018 թվականից ինչպիսի դինամիկա կա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում վաստակած մեդալների և դրանց շրջանակում ոսկե մեդալների չափաբաժնի, ինչպես նաև սպորտում կանանց ներգրավվածության և ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ:

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ֆինանսավորման բարելավման ուղղությամբ էական փոփոխություններ կան. 2018 թվականին ոլորտին հատկացվել է շուրջ 2,1 մլրդ դրամ, ընդ որում՝ այն վերաբերել է թե՛ մեծ նվաճումների և թե՛ մասսայական սպորտի բնագավառներին. «Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դրանում ներառված չի եղել որևէ կապիտալ ծախս: 2019 թվականին արդեն ավելի քան 60 տոկոսով ավելացրել ենք սպորտի ֆինանսավորումը՝ հատկացնելով ավելի քան 10,2 մլրդ դրամ և այսպիսով ավելի քան քառապատկելով 2018-ին հատկացված բյուջեն: Ընդ որում՝ էական ծախսեր են հատկացվել նաև կապիտալ ներդրումների համար: 2023 թվականին ոլորտին հատկացվել է 10.288 մլրդ դրամ, 2024-ի հայտում ֆինանսավորումը մի փոքր նվազում է՝ 6.656 մլրդ դրամ. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ 2023 թ-ին մեր երկրում անցկացրել ենք մի շարք խոշոր միջազգային մրցաշարեր, որոնց կազմակերպման համար զգալի միջոցներ են ներդրվել: 2024-ին նման միջոցառումներ չեն նախատեսված։ Հաջորդ տարին օլիմպիական է, և սպորտային աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու Փարիզի խաղերին. մեր հիմնական ջանքերը ևս ուղղվելու են դրան»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ մասսայական սպորտին 2018-ին հատկացվել էր ընդամենը 211,9 մլն դրամ, իսկ արդեն 2024-ին՝ 2,6 մրդ դրամ, որն ուղղված է հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խրախուսմանը:

Անդրադառնալով մեդալների հարցին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2018-ին ՀՀ մարզիկները նվաճել են 203 մեդալ, որոնցից 53-ը՝ աշխարհի, 150-ը՝ Եվրոպայի առաջնություններում: 2019-ին արձանագրվել է աճ՝ 222 մեդալ: Քովիդի համավարակով պայմանավորված՝ նախարարը չի անդրադարձել հաջորդ տարիներին՝ ներկայացնելով 2023 թվականի ռեկորդային ցուցանիշը՝ 307 մեդալ, որը 2019-ի համեմատ արձանագրել է ավելի քան 30 տոկոս աճ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս տարի արդեն ունենք ռեկորդային՝ 432 մեդալ, և մինչև տարեվերջ դեռ նոր մեդալների ակնկալիքներ կան: Նրա խոսքով՝ ոսկու և մյուս մեդալների համամասնությունն այսպիսին է՝ ոսկե մեդալները 27-30 տոկոսի սահմաններում են, և այս ցուցանիշը փոքր փոփոխություններով պահպանվել է այս տարիների ընթացքում: Մեդալների 70-72 տոկոսն արձանագրվել է Եվրոպայի, իսկ մնացածը՝ աշխարհի առաջնություններում:

Անդրադառնալով սպորտում կանանց ներգրավվածությանը՝ նախարարը տեղեկացրել է՝ 2018-ին 203 մեդալից կանայք նվաճել են ընդամենը 6-ը /2,9 տոկոս/: Տարիների ընթացքում այդ թիվն աճել է. այս տարի արդեն 432 մեդալից 25-ը կանայք են նվաճել /5,7 տոկոս/, այսինքն՝ այդ առումով ևս դրական դինամիկա կա:

Վարչապետը փաստել է՝ 2018-ի համեմատ եռապատկվել է սպորտին հատկացված ֆինանսավորումը՝ միջազգային միջոցառումները հանած, տասնապատկվել են մասսայական սպորտի գումարները և ավելի քան կրկնապատկվել՝ մեդալների թիվը: Վարչապետը ռազմավարության մեջ հատկապես կարևորել է երկու ուղղություն՝ սպորտում կանանց ներգրավվածությունը և մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Վարչապետն ընդգծել է նաև խոշոր հատկացումների ֆոնին ֆեդերացիաների կողմից հաշվետվողականության, թափանցիկության և որակի ապահովման խնդիրները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը, ինչպես նաև դպրոցների՝ վերակառուցված և նորակառույց 23 մարզադահլիճներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում