Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը

Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն ստացած այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժի որակավորում, սակայն ձեռք բերած 30 կրեդիտների շնորհիվ հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։

Այսպիսով, եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մշակած ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հունիսի 13-ի թիվ 881-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Գորիսի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագիրը և դրա ուսումնաթեմատիկ պլանը:

Վերոնշյալ կրթական ծրագիրը նախատեսված է ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող այն անձանց համար («Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), որոնք «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Անգլերեն» որևէ առարկայի մասնագիտական ոլորտում ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ստանալ մանկավարժի հավաստագրում` կուտակելով 30 կրեդիտ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով:

Ծրագրի տևողությունը 4 ամիս է (900 ժամի հաշվարկով, 1 ժամը՝ 45 րոպե)։ Դասընթացը կարող է իրականացվել առկա, համակցված (առկա և հեռավար/առցանց), հեռավար ուսուցման կազմակերպման ձևերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում