Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 1 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել:
Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակ չում Աշկարյանը 5-3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չիկաիձեի նկատմամբ:
Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել է վրացի Ջաբա Բոլխվաձեին: Սամվել Տերտերյանը նույն հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նուրլան Իբաձադեի նկատմամբ, Գոռ Խաչատրյանը վճռորոշ գոտեմարտում 4-2 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Բելյաևին, իսկ Գրիշա Ոսկանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Օլե Այկեի նկատմամբ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 18-ը: Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին: Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝
Արմեն Պապիկյան (45 կգ), Արման Հարությունյան (48 կգ), Սաշա Պետրոսյան (51 կգ), Սամվել Գևորգյան (55 կգ), Տիգրան Բունիաթյան (60 կգ), Վլադիմիր Ազարյան (65 կգ), Նարեկ Նիկողոսյան (71 կգ), Ռազմիկ Եփրեմյան (80 կգ) Վարուժան Հովհաննիսյան (92 կգ), Հենրիկ Հայկյան (110 կգ):
Կարծիքներ