Արոնյանը կմասնակցի արագ շախմատի Opera Euro Rapid առցանց մրցաշարին
Վաղը կմեկնարկի շախմատի Champions Chess Tour-ի 3-րդ առցանց մրցաշարը՝ Opera Euro Rapid-ը: Արագ շախմատի այդ մրցաշարի 16 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը:
Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Նախնական փուլում շախմատիստները շրջանաձև մրցակարգով կորոշեն 8 ուժեղագույններին, որոնք հաջորդ փուլում նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:
8 ուժեղագույնները, ըստ նախնական փուլում զբաղեցրած տեղերի, կբաժանվեն զույգերի, որոնք արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցախաղ կանցկացնեն միմյանց հետ: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի կայծակնային շախմատի 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում, իսկ հարկ եղած դեպքում հաջորդ փուլի ուղեգրի բախտը կվճռվի «արմագեդոնում»:
Մրցումների առաջին օրը տեղի կունենան առաջին 5 տուրերի մրցախաղերը: Արոնյանը հաջորդաբար կմրցի Դին Լիժենի, Մագնուս Կառլսենի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Ուեսլի Սոյի և Դանիլ Դուբովի հետ: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 100 հազար դոլար է: Հաղթողը կպարգևատրվի 30 հազար դոլարով:
Champions Chess Tour-ի նախորդ երկու մրցաշարերի արդյունքներով՝ Լևոն Արոնյանը 60 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Լևոնը 45 հազար դոլար պարգևավճար է ստացել, որից 40 հազարը՝ նախորդ մրցաշարի եզրափակիչ մտնելու համար, որում նա զիջեց Թեյմուր Ռաջաբովին: Հենց վերջինս էլ 91 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռաջաբովը 65 հազար դոլար պարգևավճար է ստացել: 2-րդ տեղում 62 միավորով Ուեսլի Սոն է, որն արժանացել է 40 հազար դոլար պարգևավճարի:
Կարծիքներ