Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների, ինժեներների և անձնակազմի անդամների
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները: Ներկայացնում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրությունը.
«Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև ներկայացնում ենք այդ, ինչպես նաև հաջորդած օրերին մեզ ուղղված հաճախ տրվող հարցերի պատասխանները։
Ի՞նչ նպատակ ուներ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը։
Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ.-ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցակցունակության բարձրացման ուղղությամբ։ Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։
Ինչո՞ւ են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է։
Կարծում ենք՝ առավել քան։ Աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե' բիզնես, թե' ներդրումային հեղինակության տեսանկյունից։ Սա ծախս չէ, այլ ներդրում խոստումնալից բիզնես ծրագրի մեջ, որը լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։
Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասնակցության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը։
Այս հարցին բազմակողմանի պատասխան տալու համար խորությամբ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ եւ մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։ Էյր Արաբիան իր հետ բերում է թե' արդյունավետ բիզնես մոդելից, թե' ավիափոխադրման ոլորտում տարիների հաջողված փորձից օգտվելու բացառիկ հնարավորություն, ինչը նոր ազգային ավիափոխադրողի համար լուրջ մրցակցային առավելություն է։ Բացի այդ, նման համապարփակ փորձառություն ունեցող ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս տուրիզմի ոլորտի համար բարդ շրջաններում, ինչպիսին, օրինակ, 2020 թվականն էր, ռիսկերի համատեղ, արդյունավետ կառավարման համար։
Արդյո՞ք օտարերկրյա ընկերության մասնակցությամբ ձեռնարկությունը կարող է «ազգային ավիափոխադրող» կոչվել։ Արդյո՞ք սա պարզապես կոմերցիոն ավիափոխադրող չէ։
Իրավական տեսանկյունից որեւէ կարգավորում՝ «ազգային ավիափոխադրող» անվանումը չի ենթադրում, ո'չ միայն հայաստանյան, այլև շատ երկրների օրենսդրությամբ։ Այդուհանդերձ, նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ միջոցով։ Կարծում ենք, որ պետության նման զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց՝ «ազգային ավիափոխադրող» է։ Վստահ ենք, որ ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն, կամ պետական դոտացիա։ Չենք կարծում, որ դոտացիան հարկատուների միջոցների արդյունավետ կիրառում է։ ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է արել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում, որը ներդրման լավագույն ձեւն է։ Ազգային ավիափոխադրողը չպետք է բեռ լինի պետության համար, այլ հակառակը՝ պետք է հավելյալ տնտեսական արժեք ստեղծի։ Այդ առումով համատեղ ձեռնարկության այս ձեւաչափը առավել արդյունավետ է։
Որքան է կազմում յուրաքանչյուր կողմի բաժնեմասնակցությունը։
Բաժնետոմսերը մոտավորապես հավասար են, բայց մեծամասնությունը տնօրինում է հայկական կողմը։ Մենք առաջնորդվել ենք գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքով, որ այն գործընկերը՝ տվյալ դեպքում՝ Էյր Արաբիան, որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողությունն ու փորձը պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ՝ օրինակ՝ նշանակի ընկերության ղեկավար կազմ, իհարկե նաեւ մեր կողմի համաձայնությամբ։
Ի՞նչպես է կառավարվելու ընկերությունը, ի՞նչ մոդելով է աշխատելու, արդյոք «բյուջետային» նշանակում է, որ տոմսերը լինելու են մատչելի։
Նոր ավիաընկերությունը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից, որը նշանակվելու է Էյր Արաբիայի եւ ԱՆԻՖ-ի համատեղ որոշմամբ։ Ընկերությունը կշահագործվի Էյր Արաբիայի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն։
Արդյո՞ք ընկերության անձնակազմում կլինեն հայ մասնագետներ, օդաչուներ։ Ինչպե՞ս է իրականացվելու կադրային քաղաքականությունը։
Նոր՝ համատեղ ավիաընկերության հենակետը լինելու է Երեւանը, ընկերության ղեկավար անձնակազմը նշանակվելու է համատեղ որոշման արդյունքում, իսկ հետագա անձնակազմի համալրումը իրականացնելու է արդեն նոր ընկերության ղեկավարությունը։ Ընկերության նպատակներից մեկն է նոր աշխատատեղերի ստեղծումը եւ այո՝ ներգրավվելու են հայ օդաչուներ, ինժեներներ, անձնակազմ։
Ինչո՞ւ է ընկերության անվանակոչությունը որոշվել իրականացնել քաղաքացիների առաջարկությունների միջոցով։
Իսկ ինչո՞ւ՝ ոչ։ ԱՆԻՖ-ը ցանկացած բիզնես ծրագրի մասնակցում է պետության անունից եւ հնարավորության դեպքում հանրության ուղղակի ներգրավումը մեզ համար կարեւոր է։ Ազգային ավիափոխադրողի անվանումը ընտրելը հենց նման ներգրավման հնարավորություն է։ Արդեն ունենք ավելի քան 300 առաջարկ ու հանրության շատ ակտիվ մասնակցություն։ Մրցույթը կամփոփվի 3 շաբաթից։ Ե՞րբ է սկսելու գործել ավիաընկերությունը։ Շուտով կտրվեն Օդանավ շահագործողի վկայականի ստացման աշխատանքները, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:
Կարծիքներ