«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի. Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շրջակա միջավայրի նախարարությունը նախապատրաստվում է համապետական ծառատունկին․ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է տնկել շուրջ 300.000 տնկի
Ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին ընդառաջ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումն եմ անցկացրել, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը և նախարարի խորհրդականները։
Քննարկել ենք ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ քայլերն ու գործիքակազմերը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը զեկուցեց, որ համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․
100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Հանձնարարել եմ հատուկ ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող անտառային տարածքների քարտեզագրմանը՝ հողի որակ, տեղումներ և այլն, ինչպես նաև հետևողական լինել տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։
Սա իր մասշտաբներով աննախադեպ ծառատունկ է, մեր համատեղ ջանքերն էլ ավելի եռանդուն պետք է լինեն։ «10 մլն ծառ» նախաձեռնությամբ Հայաստանն ուրվագծում է իր կանաչ ապագան, և մենք պետք է պատվով հաղթահարենք այս մարտահրավերը։
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում իրականացվող համապետական ծառատունկի կազմակակերպչական աշխատանքների համար նախատեսված են նաև միջգերատեսչական հանդիպումներ։
Կարծիքներ