Հռիփսիմե Գրիգորյանը եւ Արսեն Թորոսյանը հանդիպել են Հայաստանում Շվեդիայի դեսպանին
Հայաստանի Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկստագի միջև համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովը:
Այս առումով կարևորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում հայ և շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը՝ նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին` Հռիփսիմե Գրիգորյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացման հարցում Շվեդիայի օժանդակությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին:
Հայ օրենսդիրները խոսել են տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև սերտ համագործակցությունից:
Դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը, ընդգծել բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կարծիքներ