Պուտինն արդեն որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա, նրա համար կեղծ պատրվակ են պատրաստում․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վկայակոչելով հետախուզական տվյալները, ասել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է նոր ներխուժում Ուկրաինա, և այն կսկսվի մոտ օրերս՝ Դոնբասում ցեղասպանության պատրվակով, ինչի մասին ռուս պաշտոնյաները կեղծ պնդում են։
«Այժմ ես համոզված եմ, որ Պուտինը որոշում է կայացրել Ուկրաինա նոր ներխուժման վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա կարծում է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա ընթացքում:
«Մենք հավատում ենք, որ նրանց թիրախը կլինի Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը: Քաղաք, որտեղ ապրում է 2,8 միլիոն անմեղ մարդ: Մենք կանոնավոր և հրապարակայնորեն խոսում ենք Ռուսաստանի ծրագրերի մասին, ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք հակամարտություն, այլ այն պատճառով, որ ուզում ենք անել այն, ինչ կարող ենք, որպեսզի Ռուսաստանին զրկենք ներխուժելու հնարավորությունից»,- հավելել է նա։
Հարցին, թե դա նշանակում է, որ հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ջանքերը կդադարեն, Բայդենը պատասխանել է, որ դա չի նշանակում:
«Քանի դեռ նա չի սկսել ներխուժումը, դիվանագիտական լուծումը հնարավոր է մնում», - ասել է նա։ Բայդենը հավելել է, որ եթե Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսվեն մինչև փետրվարի 24-ին նախատեսված արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հանդիպումը, դա կնշանակի, որ Ռուսաստանը «շրխկացրել է դիվանագիտության դուռը»։
Կարծիքներ