Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան.

Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան.

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, բայց դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ զրո վստահություն կա Հայաստանի նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանն անընդհատ կեղծ տեղեկություններ է տարածում, թե մենք սահմանային լարվածություններ ենք ստեղծում: Նախ՝ ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելաոճը և հնարավոր է արդյոք նոր էսկալացիա:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց.

 

«Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը կամ բացակայությունը:

 

Խնդիրն այն է, որ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, և մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է՝ առերեսվել բոլոր բարդությունների հետ, և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել: Եվ այդ առումով, իհարկե, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ:

 

Այսինքն, ըստ էության, մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, և հետևաբար՝ հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ, դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և հետևաբար՝ պետք է ստորագրվի:

Ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ: Ինչ վերաբերում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային միության հանրապետությունների սահմաններով: Եվ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքներն արձանագրված են, ահա, այդ սկզբունքները Ալմա-Աթայի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։

 

Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար, այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը և նրա իրագործումը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում