Սկսում ենք մի նոր շարժում, որն անվանել են «Համազգային շարժում 2․0». Հայկակ Արշամյան
Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ գումարները օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Արշամյանը վստահեցրեց, որ հանրությունը Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կստանա խաղաղության հաստատումից հետո։
«Ձեր աջակցությամբ դուք օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանը և տրամադրմանը, ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր։ Դուք փակում եք հումանիտար մասը՝ հնարավորություն տալով պետական այլ միջոցների ծառայելու շատ ավելի կարևոր նպատակների»,- ասաց Հայկակ Արշամյանը` հավելելով.
«Վստահեցնում եմ՝ դրսի հայկական մարմինների մինչ այսօր հավաքագրված գումարների մեծ մասը հասել են Հիմնադրամի հաշիվներին և այդ գումարները արդեն օգտագործվում են։ Ուղղակի պետք է հաշվի առնել, որ նվիրատվությունները կատարվում են տարբեր ձևաչափերով և հենց այն պահին, երբ այդ գումարները նյութականացվում են մեր տեղական մարմինների կողմից՝ նստում է իրենց հաշիվներին, նրանք անմիջապես այդ գումարները ուղարկում են Հիմնադրամին»:
Արշամյանը հայտարարեց, որ սկսում են մի նոր շարժում, որն անվանել են «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
«Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբանը և դրամական հոսքերի մշտական գալուն ՀՀ և ԱՀ»,- ընդգծեց նա:
Կարծիքներ